ԻՆՉՊԵ՞Ս ՉԱՓԵԼ ՊՐՈԴՈՒԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հայերն ասում են, որ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն։ Ինչ խոսք, մարդուն մոտիվացնելու համար լավագույնս ընտրված արտահայտություն է։ Բացի այդ, բավականին հետաքրքիր ենթատեքստ ունի այս արտահայտությունը։ Համաձայնեք, որ այն մարդիկ, ովքեր սիրում են աշխատել (քանի որ կան նաև մարդիկ, ովքեր այն չեն սիրում) և իրենց աշխատանքի մեջ ամեն օր կարողանում են նորն ու հետաքրքիրը բացահայտել, շատ ավելի գեղեցիկ են բառի ուղղակի և ոչ անուղղակի իմաստով։

ԱՇԽԱՏԱՆՔ ՍԻՐՈՂ ԿԱՄ ՊՐՈԴՈՒԿՏԻՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

Մարդիկ աշխատանքի են անցնում այս կամ այն ընկերությունում համաձայն այն շատ նախնական տեղեկատվության, որը կարող են փոխանցել իրենց ինքնակենսագրականով կամ իրենց լավագույնս ներկայացնելու միջոցով։ Այնուհետև սկսվում է բուն աշխատանքի ընթացքը, որի որակն ու արդյունավետությունը չափելու օբյեկտիվ և սուբյեկտիվ չափորոշիչներ կան։ Բնականաբար, ինդուստրիալ հեղափոխությունից, այնուհետև թվային տեխնոլոգիաների բուռն զարգացումից հետո օբյեկտիվ չափորոշիչները մղվեցին հետին պլան։ Ավելի պարզ ասած, եթե նախկինում կարևոր էր աշխատած ժամերի քանակը (առհասարակ ամեն ինչի քանակը), ներկայումս կարևոր է, թե այդ ժամերի ընթացքում ինչ արժեք է գեներացվել (առհասարակ ամեն ինչի որակը)։

Նշված կետերը կօգնեն հասկանալու, թե արդյոք դուք կամ ձեր թիմակից/աշխատակիցն աշխատասեր/պրոդուկտիվ է, թե ոչ՝

  • Շեշտը դնել ոչ թե համակարգչի դիմաց անցկացված ժամերի, այլ պահպանված դեդլայնների վրա։ Լինել պրոդուկտիվ, նշանակում է ավարտել գործը ճիշտ ժամանակին։ Նույն գործը մեկ մարդուց կարող է պահանջել 1 ժամ, մյուսից՝ 1 օր։
  • Պահել հավասարակշռությունը խոսելու և գործելու միջև։ Պետք է ուշադրություն դարձնել, թե արդյոք ավելի շատ խոսվում է աշխատանքի մասին, թե իրականացվում է։
  • Մարդիկ, ովքեր սիրում են աշխատել, նախաձեռնող են, փնտրող գաղափարներ գեներացնող։
  • Աշխատանքը սիրելը ուղիղ համեմատական է պատասխանատու լինելու հետ։ Պատասխանատվությունը գործընկերների, գործատուի, սեփական անձի հանդեպ մղում է աշխատասիրության։
  • Աշխատասիրությունը մեծապես կապված է նաև ձգտումների հետ։ Աշխատասեր մարդիկ չեն սիրում մնալ նույն տեղում։
  • Աշխատասիրությունը/պրոդուկտիվությունը սովորաբար բնատուր հատկանիշ է, սակայն կարելի է զարգացնել արտաքին մոտիվացիոն ազդակների միջոցով (օրինակ աշխատավարձի չափով, հարմարավետ պայմաններով, բոնուսներով և այլն)։ Սակայն արտաքին ազդակներով ստացված պրոդուկտիվությունը ժամանակավոր բնույթ է կրում։
  • Աշխատասիրության ծայրահեղ կամ անոմալ դրսևորումը ֆանատիզմն է, որը հակառակ էֆֆեկտն է տալիս։ Այս դեպքում գործ ունենք ոչ թե արժեք ստեղծելու, այլ արժեքները ոչնչացնելու կամ կեղծ արժեքներ ստեղծելու հետ։ (Հիշեք, թե ինչ «աշխատասեր» էին Գահերի խաղը ֆիլմում Դեյներիսը և Սերսեյան իրենց հորինված իրականության մեջ)։

Աշխատելու ոճը մարդու տեսակի, կյանքի որակի ու անձնային հատկանիշների մասին կարող է պատմել ավելին, քան պատկերացնում ենք։ Սովորաբար աշխատանքում մարդիկ վերարտադրում են նույն արժեքները, որը ունեն կյանքի մյուս բնագավառներում։ Հաջողակ մարդիկ հաջողակ են և՛ աշխատանքում, և՛ ընտանիքում, և՛ ընկերների շրջապատում, և՛ իրենց հանգիստն ու ֆիզիկական կեցվածքը ապահովելու հարցում։ Բնականաբար, օրենքը գործում է նաև հակառակ ուղղությամբ․ եթե անհաջող ես, անհաջող ես ամեն տեղ։ Այլ կերպ ասած, աշխատող մարդու պրոդուկտիվությունը չափելու համար պետք է նայել մարդու ավելի մեծ պատկերին, քան նրա աշխատանքն է։

Comments are closed.