ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԼՈԳԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ․ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ԿԻՍՎԵԼԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐԺԵՔ Է

Քո մասնագիտական կենսագրությունը կարող ես ներկայացնել մի քանի էջերից բաղկացած տպավորիչ CV-ով՝ թվարկելով հազարավոր բրենդերի անուններ, ընկերություններ, որտեղ աշխատել ես, արտասահմանյան բուհեր, որ ավարտել ես, վկայագրեր, որ ստացել ես։ Բայց, անկեղծ ասած, բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ սկզբունքով և ինչպես կարելի է տպավորիչ CV ստանալ, որն այդքան էլ կապ չունի իրականության հետ։ Քո մտքերն ու գաղափարներն են, որ այսօր հետաքրքրում են պոտենցիալ գործատուին կամ պատվիրատուին։ Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն ունես և ինչպիսի ընկերությունում ես աշխատում, պոտենցիալ գործատուներդ կամ պատվիրատու ընկերությունները հավելյալ տեղեկատվության կարիք ունեն քո աշխատանքի և այն մասնագետների մասին, ովքեր աշխատում են քո թիմում։ Այս տեսանկյունից բավականին մեծ է սոցիալական ցանցերի դերը, որտեղ որակյալ ակտիվությունը մեծապես կարող է ազդել դրական հեղինակության ձևավորման վրա։ Կա ևս մեկ կարևոր ռեսուրս՝ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԲԼՈԳԸ, որի մասին ընկերություններից շատերը մոռանում են։ Փորձենք հասկանալ բլոգինգի ազդեցությունը ոչ միայն որպես մասնագետ դիրքավորվելու, այլև ընկերության հեղինակության և վաճառքների տեսանկյունից։

1. Մրցակցային առավելությունները ներկայացնելու հարթակ

Այսօր շուկայում եզակի արտադրանք կամ ծառայություն ներկայացնելը բավական դժվար է, հետևաբար ցանկացած բիզնես ունի մեծ կամ փոքր մրցակիցներ։ Կորպորատիվ բլոգը կարող է լուծել մեկ գլոբալ ու կարևոր խնդիր՝ ներկայացնել սեփական մրցակցային առավելությունն ու մանրամասնորեն ցույց տալ թիրախային լսարանին, թե ինչու է պետք ընտրությունը կայացնել ձեր ընկերության օգտին։ Այն ժամանակ, երբ պաշտոնական կայքը ներկայացնում է տեղեկատվություն ծառայությունների, մասնագետների և գնային քաղաքականության մասին, կորպորատիվ բլոգը ցույց է տալիս աշխատանքի առանձնահատկությունն ու դետալային համոզիչ ասպեկտները, որոնք միանշանակ տարբերում են մեկ ընկերությանը մյուսից։

2․ Հաճախորդների հետ հաղորդակցվելու հարթակ

Բլոգ վարելիս պետք է հաշվի առնել, որ այն տարբեր է լինելու պաշտոնական կայքից, որտեղ տեղեկատվությունը ներկայացվում է միակողմանի և պաշոտնական լեզվով։ Անմիջական շարադրանքն ու դրան արձագանքելու, մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը ամրապնդում են ընկերության և ներկա սպառողների միջև կապը, դրանով արդեն գրավիչ դարձնում ընկերությունը նոր հաճախորդների համար։ Շատերին որոշում կայացնելու համար բավարար չէ միայն պաշտոնական տեղեկատվությունը, այս հարցում կորպորատիվ բլոգը կարող է վաճառքների խթան դառնալ։

3․ Թիրախային լսարանին բացահայտելու ու ճանաչելու հնարավորություն

Ակտիվ կորպորատիվ բլոգն ենթադրում է բազմաթիվ այցելուներ, մեկնաբանություններ, որոնումներ և այլն։ Տեխնիկապես սա հսկայական տվյալների բազա է, որի ճիշտ վերլուծությունն ու օգտագործումը զգալի ներդրում է բիզնեսի զարգացման մեջ։ Բլոգում ակտիվացնելով Google-ի անալիտիկ գործիքը, կարելի է հետևել այցելուների պահվածքին, իմանալ ինչ է առավել հետաքրքիր և ինչը ոչ։ Նման տվյալները կարող են մեկնարկային կետ լինել ոչ միայն դասական PR արշավների, այլ նաև բիզնեսի տեսլականի փոփոխության և շուկայի առկա պահանջներին վերջինիս հարմարեցման։

4․ Որոնողական օպտիմալ արդյունքներ գրանցելու հնարավորություն

Որոնողական օպտիմալացումը, նույն ինքը SEO-ն (Search Engine Optimization) մեր ժամանակների ամենավաճառվող ու ամենամիստիկ մասնագիտություններից է։ Ամբողջ իմաստն այն է, որ էլեկտրոնային ռեսուրսը ճանաչելի դառնա որոնման համակարգերի համար։ Այս ամենում կա մի մեծ գաղտնիք՝ եթե կայքը պարբերաբար թարմացվում է տեքստային և վիզուալ նյութերով, ուրեմն գործի մեծ մասն արված է։ Այս տեսանկյունից բլոգը հսկայական աղբյուր է բանալի բառերով հագեցած տեքստերի։

5․Գործի իսկական «վարպետներ» դիրքավորվելու միջոց

Մասնագիտական կամ կորպորատիվ որակյալ բլոգ վարելու համար հարկավոր է հավաքել ընկերության մասնագետների ամբողջ ակադեմիական գիտելիքներն ու աշխատանքի ընթացքում կուտակված փորձը։ Առաջին հայացքից այս պնդումը բավականաչափ հակասական է, հատկապես հայկական իրականության մեջ, երբ յուրաքանչյուր ոք, ով ունի գիտելիքի որոշակի պաշար, ձգտում է այն «վաճառել» և ոչ մի դեպքում չտրամադրել առաջին իսկ ցանկացողին։ Իրականությունն այն է, որ տեղեկատվության ու գիտելիքի ազատ տարածումը միայն պատիվ է բերելու թե՛ ընկերությանը, թե՛ մասնագետներին։ Ակնհայտ է, որ միայն գիտելիքի պաշարը հանրությանը տրամադրելով իսկապես կարելի է ապացուցել, որ դու, իրոք, գիտես այն ոլորտը, որտեղ աշխատում ես, հետևաբար շատ ավելի վստահելի գործընկեր ես։

6. Մարքեթինգային կոնվերսիա և lead-երի գեներացիա

Երբ մարդիկ պարբերաբար վերադառնում են նոր հոդվածներ կարդալու (դրա մասին վկայելու է Google-ի անալիտիկան), նրանք նաև հակված կլինեն բաժանորդագրվելու բլոգում, տրամադրելով ձեզ իրենց կոնտակտային տվյալները։ Նույն կերպ նաև ճիշտ է այն պնդումը, որ բլոգին վստահող մարդիկ հակված կլինեն այլ գործողությունների՝ ներբեռնել ինչ-որ հաշվետվություն, էլեկտրոնային գիրք, գրանցվել մոտակա միջոցառմանը և այլն։ Մարքեթինգային տեսության մեջ կայքում այցելուի կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում դուք ստանում եք կոնտակտային տվյալներ, կոչվում է լիդերի գեներացում։ Պարզ լեզվով ասած, եթե այցելուն ինքնակամ տրամադրել է իր էլեկտրոնային հասցեն կամ հեռախոսի համարը՝ դուք հաղթել եք, և բլոգը, իսկապես, արդյունավետ է։

Համարձակություն

Կորպորատիվ բլոգ վարելը մեծ պատասխանատվություն է, քանի որ ամենօրյա աշխատանքում հեշտ չէ ժամանակ հատկացնել հոդվածներ գրելուն։ Բացի դրանից, ավելանում է լրացուցիչ հարթակ, որտեղ պետք է հետևել այցելուների գործողություններին, արձագանքել մեկնաբանություններին և հարցերին։ Սակայն, եթե նայենք երևույթի հակառակ կողմին, ապա պետք է նշենք նաև, որ կորպորատիվ բլոգերը վկայում են ընկերության՝ իր փորձն ու գիտելիքը կիսելու համարձակ քայլի մասին։ Ամենից կարևոր գործոնը սեփական ընթերցողի հետ անկեղծ լինելն է և նույնիսկ ոլորտում առկա խնդիրների կամ սեփական աշխատանքային պարտությունների ու բացթողումների մասին համարձակորեն պատմելը։ Ինչպես ասում են, եղիր համարձակ և սխալվիր, կարևորը նույն սխալը երկրորդ անգամ չկրկնելն է։

Comments are closed.