ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ․ ԴՐԱՆՈՒՄ ՄԵԾ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԵՐԸ

© Ruben Malayan

Մեկ տարի առաջ այս օրերին՝ ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն։ Մեկ նախադասությամբ արձանագրում ենք իրողություն, որի համար շատ պետություններ պայքարում են տարիներ շարունակ։ Բայց ամենակարևոր փաստն այստեղ նույնիսկ այն չէ, որ տեղի ունեցավ իշխանափոխություն, այլ այն, որ դա տեղի ունեցավ խաղաղ պայմաններում ու առանց մարդկային զոհերի։ Այս հեղափոխությունը դարձավ բրենդային և կոչվեց սիրո և համերաշխության թավշյա հեղափոխություն։ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունը գրավեց նաև միջազգային մեդիահարթակների ուշադրությունը։

Եթե խոսենք PR-ի և հաղորդակցության տեսանկյունից, ապա այս հեղափոխությունն ասոցացվում է նոր իրականության, քաղաքացու հաղթանակի, ժողովրդի իշխանության, ոչ բռնի հեղափոխության, սիրո և հանդուրժողականության հետ։ Ի դեպ, սրանք այն հիմնական մեսիջներն են, որ հստակ կիրառվել են հեղափոխության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։

Ինչպե՞ս երկրում իրավիճակ փոխվեց

Ասել, որ մեդիան՝ մասնավորապես սոցիալական մեդիան, այստեղ հսկայական դերակատարում ուներ, նույնն է, թե ոչինչ չասել։

Կարիք չկա թվարկելու ու խոսելու Telegram-ի հայտնի էջի, ֆեյսբուքյան իվենթների ու հրապարակումների մասին, քանի որ խնդիր չունենք ներկայացնելու կիրառվող հաղորդակցական միջոցների տեխնիկական վերլուծություն։ Հեղափոխության օրինակով կարող ենք տեսնել, թե սովորական պայմաններում որքան քիչ ենք մենք մտածում մեդիա դաշտում ընթացող տրանսֆորմացիաների, սոցիալական մեդիայի դերի ու նշանակության մասին, քիչ ենք նայում իրադարձություններին կողքից՝ ինքներս մեզ վերլուծելով։

Ավանդական լրատվամիջոցների կողքին սոցիալական ցանցերը դարձել են ինֆորմացիայի գեներացման և սպառման հիմնական հարթակներ։ Նրանք, ում ձայնը լսելի է սոցիալական ցանցերում, կարող են ընդհանուր մթնոլորտ և կարծիք ձևավորել։

© Hetq.am

Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ազդեցիկ դեմքերից է, ով, Ֆեյսբուքի live վիդեոները ունենալով որպես հիմնական տեղեկատվական գործիք, Հայաստանում իրականացրեց իշխանափոխություն։  Չի բացառվում, որ եթե Նիկոլ Փաշինյանը որոշեր ոչ թե սիրո և համերաշխության, այլ ատելության և անհանդուրժողականության հեղափոխություն իրականացնել, նույն հաջողության կհասներ։ Այո՛, համեմատությունը ծայրահեղ է ցույց տալու համար, որ նրանք, ովքեր տիրապետում են և կարողանում են ճիշտ օգտագործել մեդիան, կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Բնականաբար, մեծապես նշանակություն ունի նաև լիդերի կերպարը, քաղաքական կոնտեքստը, իրադարձության բրենդավորումը, երկրի ու քաղաքացիների սոցիալ-հոգեբանական վիճակը և տարատեսակ այլ գործոններ։ Վերոնշյալ թեմաները քաղաքական վերլուծաբանների համար են․ մենք խոսում ենք ինֆորմացիայի տարածման մեխանիզմների և մեդիայի ուժի մասին։

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության օրինակը վկայում է, որ, երբ խոսում ենք մեդիայի մասին, այլևս տարրանջատում չպետք է լինի զանգվածայի լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի, լրագրողների, խմբագիրների և միկրոբլոգերների ու Social media influencer-ների միջև։ Նրանց բոլորին միավորում է մեկ բան․ ինֆորմացիայի միջոցով մարդկանց վրա ազդեցություն գործելու ուժը։

Բոլոր ժամանակակից մարտահրավերները կապված մեդիա դաշտի հետ՝ ապատեղեկատվության դեմ պայքար, լսարանի մեդիագրագիտության և որակյալ կոնտենտի ձևավորում և բազմաթիվ այլ հարցեր, հավասարապես վերաբերում են թե՛ զանգվածային լրատվամիջոցներին, թե՛ սոցիալական ցանցերին։

Ի՞նչ են մտածում այս մասին մեդիա մասնագետները, լրագրողները, կարծիքի առաջատարները

Հայաստանում գործող լրագրողները, կարծես թե, այնքան էլ պատրաստակամ չեն լսելու քննադատություն մեդիայի մասին, քանի որ ամեն մի լրատվամիջոց համարում է, որ ինքը պրոֆեսիոնալ է, և մյուսներն է, որ փչացնում են ոլորտը։ Երբեմն նույնիսկ անձնական վիրավորանք են համարում մեդիային ուղղված քննադատությունը (հիշեք վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ լրագրողների մասնագիտական որակների բարելավման մասին ստատուսի արձագանքները)։ Զարմանալի է մեդիա ներկայացուցիչների մոտեցումը, քանի որ ցանկացած ոլորտում մենք պատասխանատու ենք ընդհանուր դաշտի զարգացման և որակյալ աշխատանքային միջավայրի ստեղծման համար։ Այլապես, միշտ ավելի հեշտ է լինել լավագույնը վատ խաղացողների մեջ։ Այսօր հայաստանյան մեդիա դաշտում կամ ակադեմիական մակարդակում պատշաճ չեն քննարկվում այն բոլոր տրանսֆորմացիաները, որոնք տեղի են ունենում ներկայիս մեդիա դաշտում։ Արդյո՞ք Հայաստանում սոցիալական ցանցերում մեծ թվով հետևորդներ ունեցող մարդիկ, որ միջազգային տերմինաբանությամբ կոչվում են Social media influencers, բավականաչափ գիտակցում են, որ իրենք լրագրողների հետ հավասարապես պատասխանատու են այն բովանդակության համար, որը հրամցնում են լսարանին։ Արդյո՞ք իրենք՝ լրագրողները, համագործակցում են սոցիալական ցանցերում ազդեցիկ մարդկանց հետ, բացի նրանից, որ արտատպում են այդ մարդկանց ստատուսները իրենց լրատվամիջոցներում։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է սկսել քննարկումներ՝ ներգրավելով հենց իրենց՝ սոցիալական մեդիայում ակտիվ ու ազդեցիկ մարդկանց, լրագրողներին ու մեդիա մասնագետներին։ Հիշեցնենք, որ մեդիան վաղուց արդեն չի պատկանում միայն լրագրողներին․ մեդիան պատկանում է հանրությանը։

Ուժի և պատասխանատվության մասին

© MAYRO

Ի՞նչ տեղի կունենա Հայաստանում տարիներ անց։ Արդյո՞ք կհայտնվի նոր լիդեր, ով ևս մեկ հեղափոխություն կիրականացնի, թե՞ ներկայիս լիդեր Նիկոլ Փաշինյանը կշարունակի վայելել ժողովրդի համակրանքն ու կկարողանա պետությունը տանել զարգացման ճանապարհով։ Գուցե մենք երջանիկ ականատեսը լինենք, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս պատերազմի, շրջափակման, տնտեսական լճացման փուլից և գրանցում իրական քաղաքակրթական առաջընթաց։ Սա կախված է ոչ միայն գործող իշխանությունից, այլ մեզանից՝ ամեն լրագրողից ու ստատուս գրողից, ամեն ընթերցողից։ Մեկ բան պարզ է․ պետք է որակական փոփոխություններ իրականացվեն մեդիա դաշտում՝ լինի դա պետական, օրենսդրական կարգավորումների, թե լսարանի և influencer-ների հետ ակտիվ աշխատանքի և էթիկական կարգավորումների տեսքով։ Թողնել, որ մեդիան շարունակի մնալ նույն մակարդակում ու աշխատել նույն մոտեցումներով, նույնն է, թե պարզապես լողալ ջրի հոսանքի ուղղությամբ։

Երեխաների կողմից սիրված կոմիկսի և համանուն ֆիլմի սուպերհերոսը ասում է․ «Մեծ ուժը ենթադրում է մեծ պատասխանատվություն» (With the great power comes great responsibility), սակայն այսօրվա մեդիա դաշտի կողմից բավականաչափ գիտակցված չէ ոչ ուժի, ոչ էլ պատասխանատվության աստիճանը։

Comments are closed.