ՄՈԼՈՐԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԴՈՒ ԵՍ ԱՊՐՈՒՄ

Մենք ապրում ենք ֆենոմենալ ժամանակաշրջանում․ աշխարհը փոքրանում է թվային միջավայրի, սոցիալական ցանցերի, տեղաշարժման պարզության շնորհիվ։ Խնդիրները դառնում են գլոբալ, հնարավորությունները՝ նույնպես, իսկ հաղորդակցությունն ու ինֆորմացիան` մեր իրականության անբաժանալի մասը։ Նոր պայմաններում հաջողակ լինելու կարևոր նախապայմաններից մեկը ինֆորմացիայի հետ գրագետ աշխատելու ունակությունն է՝ թե՛ որպես ինֆորմացիա գեներացնող, թե՛ որպես ինֆորմացիայի սպառող։ Ցավոք, շատ հաճախ մենք այս հարցում թերանում ենք, և հենց դա է պատճառը, որ մեդիա ոլորտի մասնագետները պարբերաբար խոսում են ինֆորմացիայի որակի չափորոշիչների և այն մասին, թե ինչպես ինֆորմացիան կարող է ազդել առանձին ընթերցողի և նույնիսկ միջազգային հարաբերությունների և որոշումների կայացման կարևոր գործընթացների վրա։

Այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում հնարավորություն ունեցա մասնակցելու մասնագիտական մի միջազգային համայնքի՝ DCN Communications Network-ի և ԱՄՆ Պետական Դեպարտամենտի կողմից կազմակերպված փոխանակման ծրագրի, որն անցկացվում էր Միացյալ Նահանգներում։ Աշխարհի 16 երկրներից եկած մեդիա մասնագետների հետ քննարկում էինք թվային միջավայրի ներկայիս խնդիրները, փոխանակում լավագույն փորձը և նախանշում, թե ինչպես կարող ենք համագործակցել գլոբալ ինֆորմացիոն դաշտն ավելի լավը դարձնելու համար։

Այս ընթացքում մենք եղանք ԱՄՆ Ֆլորիդա նահանգում գործող Poynter մեդիա ինստիտուտում, որտեղ ծանոթացանք տվյալների ստուգման տեղի փորձառության հետ։ Առհասարակ, ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները մեր քննարկումների հիմնական թեման էին, և ներկայումս գործող արդյունավետ փորձառություններից մեկը տվյալների ստուգմամբ զբաղվող մեդիա կազմակերպությունների ստեղծումն ու նրանց կողմից իրականացվող բարեխիղճ աշխատանքն է։ Հայաստանում նման խոշոր կազմակերպություններ դեռևս չկան, սակայն, վստահ եմ, որ այս նոր ֆորմատի մեդիա կազմակերպությունները շուտով կսկսեն ավելի ակտիվ աշխատել նաև մեր երկրում։

Մեր խումբը եղավ նաև ԱՄՆ ինդուստրիալ կենտրոններից մեկը համարվող Տեխաս նահանգի կենտրոնում՝ Օստին քաղաքում, որտեղ մասնակցեցինք թվային ժուռնալիստիկայի՝ ISOJ  երկօրյա կոնֆերանսին։ ԱՄՆ առաջատար այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են New York Times-ը, CNN-ը, Insider Inc. և այլն, ներկայացրեցին թվային միջավայրում աշխատելու և հաջողելու իրենց փորձի մասին, իսկ աշխարհի տարբեր երկրներից՝ հատկապես Լատինական Ամերիկայից եկած պրոֆեսիոնալ լրագրողներն ու խմբագիրները ներկայացրեցին, թե ինչպես են իրենք պայքարում օբյեկտիվ ժուռնալիստիկայի կայացման և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

Ես սիրում եմ ասել, որ մեդիան այևս չի պատկանում միայն լրագրողներին․ այն պատկանում է բոլորին՝ բիզնեսներին, քաղաքական գործիչներին, անհատներին։ Եթե նախկինում խնդիր էր լրագրողների պրոֆեսիոնալիզմն ու օբյեկտիվ ինֆորմացիայի ներկայացումը, ապա այսօր մենք տեսնում ենք, որ ինֆորմացիայի հետ առնչվում են բոլորը՝ ստատուսներ գրում են անհատները, հոդվածներ գրում են PR մասնագետները, վիդեոներ նկարում են գովազդային մասնագետները և այլն։ Այսինքն, չկա հստակ սահմանազատում, թե որ մասնագետն ինչ գործով պետք է զբաղվի, եթե խոսքը մեդիա կոնտենտի գեներացման մասին է։  Հենց այս սկզբունքից ելնելով՝ փոխանակման ծրագիրը նախատեսված էր մեդիա մասնագետների համար՝ այդ թվում նաև PR մասնագետների։

Պատկերացրեք, թե որքան էի ես սպասում իմ ուղևորությանը դեպի Ատլանտա։ Ոչ թե նրա համար, որ այս քաղաքը 1960-ական թվականների ԱՄՆ քաղաքացիական շարժման կենտրոնն էր և Մարթին Լյութեր Քինգ կրտսերի հարազատ քաղաքը, որ այստեղ է գտնվում CNN գլխամասը, որ այն համարվում է Coca-Cola-ի ծագման քաղաքը, որ այստեղ են անցկացվել 1996թ․-ի Օլիմպիական խաղերը և ի նշանավորումն դրա քաղաքի կենտրոնում կարող ես տեսնել Օլիմպիական այգին, ոչ էլ նրա համար, որ ես շատ եմ սիրում Ռեյ Չառլզի «Ջորջիա» երգը։ Ես սպասում էի Ատլանտա ուղևորությանը, քանի որ այնտեղ հնարավորություն ունեի մեկ շաբաթ շարունակ ամեն օր լինելու տեղի PR և մարքեթինգային ընկերություններից մեկում՝ Nebo ընկերությունում։ Ես, որ այդ պահին ընդամենը 5 ամիս առաջ իմ ընկերների հետ հիմնել էի սեփական PR ընկերությունը Հայաստանում, այնքան հարցեր ունեի արդեն 15 տարի ԱՄՆ-ում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերության աշխատակիցներին։

Հակասություններով լի էր Ատլանտան, որտեղ փողոցի մի մայթին համաշխարհային հսկա ընկերությունների գլխամասերն են, մյուս մայթին` անօթևանները։

Մեկ շաբաթ Ատլանտան բացահայտելուց հետո վերջապես ժամանակն էր մեկնելու մայրաքաղաք Վաշինգտոն։ Այո՛, Washington DC։

Ես չգիտեմ կապիտալիստական աշխարհի կենտրոն համարվող Միացյալ Նահանգներն առաջին անգամ ձեզ վրա ինչ տպավորություն է թողել։ Սակայն առաջին պատկերը, որ ինձ տպավորել է, կանաչ տարածքներն են՝ հատկապես Վաշինգտոնում, որտեղ ես ակնկալում էի տեսնել միայն բարձր շենքեր, մեքենաներից դուրս եկող արտանետումներ ու խիստ զբաղված ամբոխ։ Սակայն պարզվեց, որ դրանք միայն իմ սուբյեկտիվ պատկերացումներն են։ Իրականում Վաշինգտոնը դիմավորեց մեզ անծայրածիր կանաչ այգիներով, հեծանվորդներով, այգիներում հանգիստ զբոսնող քաղաքացիներով։ Նախագահի նստավայրը՝ Սպիտակ տունը, Կոնգրեսի նստավայրը՝ Կապիտոլիումը, Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրը, Պոտոմակ գետը ռաֆթինգի մրցաշարերով և առհասարակ քաղաքի գետին մոտ հատվածը իր տաքուկ փողոցներով, որ բացահայտեցի Վաշինգտոնում անցկացրած վերջին օրվա ընթացքում՝ այս ամենը, ինչ խոսք, տպավորիչ էր։ Վաշինգտոնում մեր խմբին հյուրընկալել էր Ամերիկայի ձայնը ռադիոկայանը, ինչպես նաև Լիտվայի դեսպանատունը, որտեղ մասնակից երկրների դեսպանատների ներկայացուցիչների հետ քննարկեցինք ապատեղակատվության հետ կապված բոլոր այն մարտահրավերները, որոնց բախվում են քիչ թե շատ բոլոր երկրները։

Մեր վերջին կանգառը ԱՄՆ Պետական Դեպարտամենտն էր, որն էլ հանդիսանում էր մեր փոխանակման ծրագրի պաշտոնական կազմակերպիչը։ Պարտավորեցնող և անչափ հետաքրքիր էր ճաշի մեկ սեղանի շուրջ նստել Պետ․ Դեպարտամենտում տարածաշրջանային պատասխանատուների հետ և քննարկել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:

Օվկիանոսից այն կողմ հայտնվելով՝ ոչ միայն բացահայտում ես նոր ու հետաքրքիր մշակույթ, որի մասին հիմնականում տեղեկացել ես Հոլիվուդյան ֆիլմերի միջոցով, այլև գիտակցում ես, որ ինֆորմացիոն սահմանների ազատության պայմաններում, կարծես թե, լղոզվում են սահմանները երկրների միջև, և այլևս չկան հաջողության հասնելու համար ավելի լավ պայմաններ կամ ավելի լավ երկրներ։ Միակ նախապայմանը ինտերնետի հասանելիությունն է և ինֆորմացիայի հետ աշխատելու կարողությունը, և դու կարող ես ստեղծել պրոդուկտ, գաղափար, ծառայություն և դրա մասին պատմել աշխարհին։

Մոլորակի կենտրոնն այնտեղ է, որտեղ դու ես ապրում։ Նույնսիկ, եթե այնտեղ, որտեղ դու ես ապրում, այնքան էլ շատ չեն կանաչ տարածքները։

Comments are closed.